ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու-Ստեփանակերտ-Երևան երթուղով նորից տարածաշրջանում են: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդեն ասուլիս է տվել, որ բանակցությունների բովանդակության հրապարակայնացման միտումներ է վկայում: Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, և դա բոլորս պետք է ողջունենք: Ու հավելել է՝ «Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք այս հարցի վերաբերյալ»: Անկեղծը՝ անկեղծ, բայց ինչու՞ պիտի ուրախանանք, որ Ադրբեջանի նախագահը քննարկում է ԼՂՀ կարգավիճակը, անկեղծորեն անհասկանալի է: Իսկ ի՞նչ պիտի անի Իլհամ Ալիևը, եթե ուզում է, եթե իսկապես ուզում է, որ հարցը լուծվի: Ջեյմս Ուորլիքը նաև ասել է՝ «Դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակությանը ներկայացվեն: Մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը: Բոլոր տարրերը, որոնք բանակցությունների մաս են, պետք է ներկայացվեն նաև հանրության լայն շրջանակներին», ու դա նշանակում է, որ ինչ-որ որոշում կամ որոշման նախագիծ կա, որին պետք է արդեն ընտելացնել հասարակությանը՝ ընդունելի դարձնելու համար: Բայց ի՞նչ որոշում: ԱՄՆ համանախագահը առանձնապես չի բացել փակագծերը, միայն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով:
«Նախագահ Սարգսյանի հետ ցանկանում ենք հստակեցնել մեր քայլերը: Մեր այցի նպատակն է հստակություն մտցնել որոշ մանրամասների շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու համար»՝ երբ սա ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, նշանակում է հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքների հաստատման հարցը մնում է բանակցային օրակարգում: Նա կարևորել է, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը քննարկվում է՝ ինչպես բոլոր հարցերը՝ շրջանառվող հարցերից է. «Մենք խոսում ենք վերջնական կարգավիճակի, հանրաքվեի կամ այլ ուղիների մասին: Ես հուսով եմ, որ այս քննարկումները նաև հանրային քննարկման մաս կլինեն»՝ ասել է նա: Հանրային քննարկումը՝ անկախ համանախագահների այցից արդեն իսկ սկսված է՝ Ալիևի հայտարարությամբ, որ ԼՂ կարող է առավելագույնը հավակնել ինքնավարության՝ Ադրբեջանի կազմում: Իսկ եթե նա տեսակետ է փոխել, նախ պիտի բարձրաձայնվի այդ տեսակետը և այդ մեկնակետից միայն հանրային քննարկումը ծավալվի: Ակնհայտ է, որ որևէ կարգավիճակով ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Որոշ փակագծեր Ջեյմս Ուորլիքը, այնուամենայնիվ, բացել է, նա ասել է. «Պետք է բոլոր հարցերը միասնական քննարկվեն: Եթե շրջակա տարածքների վերադարձի մասին հարց կա, պետք է քննարկենք նաև ԼՂ կարգավիճակը: Պետք է խոսենք փախստականների, տեղահանվածների, միջազգային խաղաղապահ ուժերի կարգավիճակի մասին: Կողմերից ոչ մեկը չի կարող վերցնել միայն իր համար նպաստավոր տարրը ու դա քննարկել: Սա փաթեթ է: Այս բոլոր խնդիրները պետք է բաց լինեն քննարկման համար»: Իսկ դա վերահաստատում է, որ բանակցային սեղանին նույն մադրիդյան սկզբունքներն են:
ԱՄՆ համանախագահը և հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «շատ մտահոգ է խաղաղ կարգավորման հարցով», և ասել է. «Մենք` Միացյալ Նահանգները, համանախագահների հետ միասին պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով: Բաքվում ես ասացի` եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: Համանախագահները կարիք ունեն նախագահների քաղաքական կամքի՝ «որ հանձնառություն ստանձնեն առաջ շարժվել բանակցությունների ճանապարհով»: Ջեյմս Ուորլիքը զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, և ավետիս է տվել, որ դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը նախագահները համաձայնել են ու վերահաստատել: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ համաձայնել է նախագահ Իլհամ Ալիևը, նախագահ Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել, որ հիմա համաձայնի կամ վերահաստատի: Հանուն արդարության՝ համանախագահը նաև ընդունել է, որ այդ համաձայնությունները արդեն պետք է կյանքի կոչված լինեին, բայց փորձել է արդարացնել Իլհամ Ալիևին. «Կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի: Սրանք հարցեր են, որոնք հստակեցման կարիք ունեն: Համոզված եմ` կգա այդ ժամանակը ու Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կլինի կարևոր հարց: Կարող եմ ասել, որ մեր այցի նպատակներից է, որ կարողանանք հասնել հաջողության դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնման մասով»:
Այսինքն՝ իրենք ուզում են, տեղում վերահաստատում են, բայց ժամանակը միայն կարող է հարցը կարևոր դարձնել: Սա ռեբուս է, որ միայն ՄԽ համանախագահները կարող են գուշակել՝ չհաշված նախագահներին: Համենայն դեպս՝ Ջեյմս Ուորլիքը կրկնել է, որ իրենք պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Նախագահների հանդիպման կոնկրետ օր չկա: Բայց մենք ցանկացած օր պատրաստ ենք կազմակերպել, երբ լինի ցանկություն: Նախագահները պետք է համաձայնեն: Ժամանակն է, որ խնդրին խաղաղ լուծում տրվի»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե հոկտեմբերի 25-ը ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, գուցե նաև բոլոր համանախագահների անկեղծության օրն է, բայց ասուլիս միայն Ուորլիքն է տվել ու նա է ասել. «Կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում պատերազմ: Ապրիլը բոլորի համար մեծ գին էր: Մենք չենք ուզում տեսնել հակամարտության երկարաձգում: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, նրանք իրենց երկրին ու ժողովրդին են հավատում, ես հարգում եմ դա: Նրանք, իմ կարծիքով, ամբողջովին պատրաստ են աշխատել համանախագահների հետ: Պատրաստ են աշխատել՝ գտնելու լուծում, որ հնարավորություն կտա ապրել խաղաղության մեջ»: Իսկ մինչ այդ նա գրեթե խոստացել է, որ հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակ կգտնվի. «Մեր աշխատանքը, որպես միջնորդներ, ուղղված է տևական խաղաղության ապահովմանը: Մենք ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը՝ հասնելու մի կարգավորման, որ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ես հավատացած եմ, որ այդ օրը կգա»: Ավելին՝ «Ապրիլյան ողբերգությունից հետո շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել, նաև՝ միջազգային սահմանին: Բայց նույնիսկ մեկ զոհը` չափից շատ է: Մենք կարծում ենք, որ այս համեմատական անդորրը կշարունակվի»: Ու ի՞նչ:
1. Ամենահիմնարար արդյունքը՝ բանակցությունները կշարունակվեն, հնարավոր է նույնիսկ նախագահների հանդիպում:
2. Պատերազմի հավանականությունը հետաձգվում է, հրադադարի ռեժիմ պահպանման պայմանավորվածություն կա:
3. Վստահություն չներշնչող արդյունքը՝ բանակցվում են մադրիդյան սկզբունքները:
4. Վստահություն չներշնչող ևս մի տեղեկությունը՝ Ալիևը, որ մերժել էր, հիմա քննարկում է ԼՂՀ կարգավիճակը:
5. Վստահություն չներշնչող երրորդ տեղեկությունը՝ կարգավիճակի հարցը քննարկվում է փաթեթով՝ տարածքներ, փախստականներ, հանրաքվե՝ դարձ ի շրջանս:
6. Եզրակացություն՝ համանախագահները գուցե շտապում են, բայց խնդրի լուծումը դեռ շատ է հեռու:
7. ԱՄՆ համանախագահ Ուորլիքի ասուլիս տալու փաստը վկայում է, որ հակառակ նախագահական ընտրություններով զբաղվածության և պետքարտուղար Ջոն Քերիի մինչև հունվար պաշտոնավարման՝ ԱՄՆ-ը ԵԱՀՄ Մինսկի խմբում վերսկսում է իր ակտիվացման փուլը: Չի բացառվում, որ հաջորդը լինելու է Ֆրանսիան: